ՀՀ Ազգային ժողովի կողմից 06.12.2017թ. ընդունվել է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

Աջակցության տրամադրման նպատակն է նշված անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացումը՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

Աջակցության տրամադրման ծրագրով հնարավորություն կտրվի Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի և կազմակերպել երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող հաստատության միջոցով:

ՀՀ 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 2018թ. ընթացքում ծրագիրն իրականացնել շուրջ 200 շահառուի համար: Ծրագիրը կմեկնարկի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո: