Արցախի Ասկերան քաղաքում 2018թ-ին Ասկերանում գրանցվել է 45 ծնունդ, համայնքային բյուջեով սահմանված մուտքերն ամբողջությամբ ապահովվել են, աճ է արձանագրել այգեգործությունը, ի մասնավորի՝ նռան մշակությունը։ Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է նաև պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, նշել է քաղաքապետ Սամվել Աղաջանյանը։

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Աղաջանյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ՝ նռան բերքի ծավալներն աճել են շուրջ 60%-ով՝ հասնելով 170 տոննայի։ Համայնքի ղեկավարը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքների ընդլայնումը շարունակական է լինելու։

Պետնախարարն այցելել է նաև Ասկերան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածք, որտեղ այս տարի մեկնարկելու է նոր բազմաբնակարան թաղամասի կառուցումը՝ բաղկացած 3 շենքից և նախատեսված ընդհանուր թվով 45 բնակչի համար։ Կառուցված բնակարաններն իրացվելու են ինչպես պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների շրջանակներում շահառուներին անհատույց տրամադրման եղանակով, այնպես էլ նվազագույն 1%-անոց հիպոթեկային վարկավորմամբ։