Փետրվարի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ, իսկ մյուս շաբաթ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Պարզապես մենք գործուղումներ ունեինք այս շաբաթվա ընթացքում և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը», - հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Լրագրողներին հետաքրքրում էր նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններն արդյոք իրականությանը համապատասխանում են։ Ի պատասխան՝ Մակունցն ասել է, որ դեռ չի հասցրել ծանոթանալ հոդվածին ու հավելել. «Կծանոթանամ և կարծիքս կհայտնեմ: Երբ ծանոթանամ նյութին, հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ նաև խմբակցությունով կքննարկենք, և խմբակցության դիրքորոշումը կկարողանամ հայտնել միայն այդ քննարկումից հետո»:

Կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումներն ընթանում են դռնփակ ռեժիմով։