Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինն ազատվել է քրեական պատասխանատվությունից
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Տիգրան Մարտիրոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Լոռու մարզի բնակիչ Տ.Մարտիրոսյանի դին՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր 2017 թվականի մայիսի 25-ին՝ կեսգիշերին, իր տան տարածքում։
Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Տ.Մարտիրոսյանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքները ստացել էր տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցների հետևանքով։ Նույն օրը կինը ձերբակալվել էր։
Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն սկսվել էր 2017 թվականի մայիսի 24-ի ուշ երեկոյան: Տիգրան Մարտիրոսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր էր նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել էր կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել էր, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ:
2017 թվականի մայիսին կնոջը մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը, ազատվել արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:
Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ համալիր ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու մեղադրյալի հոգեկան վիճակը դեպքի պահին։ Ըստ փորձագետների՝ կինը որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և մեղսագրվող արարքի նկատմամբ ճանաչվել է մեղսունակ, սակայն միաժամանակ արձանագրվել է, որ մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում։
Նախաքննության ընթացքում, 2017թ. նոյեմբերի 22-ին, որոշում է կայացվել Տ.Մարտիրոսյանի կողմից ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև՝ ակնհայտ հղի կնոջը՝ դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ մահվան հիմքով:
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Նկատի ունենալով բազմակողմանի քննության արդյունքում քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կինն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով, և վարույթը կարճվել է: