Կյանքից հեռացել է ազգային մեծ բարերար Լուիզ-Մանուկյան Սիմոնը։

Փետրվարի 18-ին վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը, 85 տարեկան հասակում։ Մեծ մարդասեր¸ ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ և խիստ բնավորության մեջ ազնվագույն և գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից է եղել։

Նշենք, որ նա եղել է Հայոց հայրենիքին պատուհասած աղետալի երկրաշարժից տուժածներին համահայկական օգնության գործի գլխավոր նախաձեռնողներից ու կազմակերպիչներից, ավելին՝ խորհրդանիշներից մեկը։ Թիկունք է կանգնել նորանկախ Հայաստանի կայացմանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հզորացմանը, Հայաստանում կրթության գործի՝ առաջին հերթին՝ Երևանի Ամերիկյան համալսարանի հիմնադրման գործին։

Նա ոչ միայն անձնապես բարերարել է հայրենահայության և սփյուռքահայության կրթամշակութային մեծագույն ձեռնարկումները¸ այլև օրինակ և խթան է հանդիսացել բազմաթիվ բարերարությունների, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում։