ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացված $396,900-ը փոխանցել Earth link and Advanced Resources Development (ELARD) ընկերությանը՝ կոմիտեում քննվող քրեական գործով Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար:

Նշվում է նաև, որ հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն կկատարվի:

Հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն:

«Նման գործընթացները սովորաբար տևում են 6-ից 8 ամիս: Բնապահպանության նախարարության գործընկերների հետ այդ գործընթացները հնարավորինս արագացրել ենք: Առկա էին ընթացակարգեր, որոնք շրջանցելն անհնար էր: Նախապատրաստական գործընթացը հաղթահարել ենք չորս ամսվա ընթացքում, իսկ փորձաքննության եզրակացությունը ELARD ընկերությունը պատրաստվում է ներկայացնել 12-16 շաբաթների ընթացքում: Սակայն, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ընկերությունը կներկայացնի ընթացիկ հաշվետվություն: Իսկ նախնական արդյունքները ընկերության կողմից կներկայացվեն սույն թվականի մայիս ամսին»,- նիստին հայտարարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը: