Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ համաներման որոշման արդյունքում ազատ չեն արձակվել այն անձինք, ովքեր մեկ անգամ արդեն ներվել են կամ ազատվել պայմանական վաղաժամկետ:

«Անշուշտ, համաներումը լավագույն ինստիտուտը չէ, և մենք պատժողական քաղաքականությունից արդեն անցնում ենք վերականգնողական արդարադատության և աստիճանաբար այդ խնդիրները այս ճանապարհով լուծելուն ենք անցնում»,- հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Կառավարության պաշտոնյան նաև նկատել է, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվող անձը 2 ամիս ստանա նպաստ, որպեսզի այդ ընթացքում գտնի աշխատանք և ստիպված չլինի հանցագործության դիմել։

Այդուհանդերձ, պաշտոնյան ասել է, որ առայժմ չունեն վիճակագրություն, թե համաներման արդյունքում քանի անձ է կրկնահանցագործություն կատարել։ Վիճակագրություն, նրա խոսքով, կարող է լինել միայն օրինական ուժի մեջ մտած վճիռներից հետո։