Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը: Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցումն ընթացել է քաղաքաշինական կոպիտ խախտումներով:

Հանգստի գոտու կառուցման շինարարական թույլտվությունը քաղաքապետարանը տվել է 2017թ-ին: Քարե շինությունների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցապատողը նախընտրել է այս տարբերակը և դեռ ավելին՝ վերջերս էլ դիմել է նախագիծը վերահամաձայնեցնելու և կառուցապատման աշխատանքները շարունակելու խնդրանքով. Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հայտը:

«Իրականում, քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտ շեղումներով: Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այս տարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու համար»,- ասել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը:

«Կառուցապատողի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնում ներկայումս գործի քննություն է ծավալվել, սակայն կառուցապատողն էլ իր հերթին է միջնորդություն ներկայացրել՝ գործի նյութերին ծանոթանալու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար: Այդ կապակցությամբ գործի քննությունը հետաձգվել է, և մենք սպասում ենք մինչև այդ վարույթի ավարտը: Համապատասխան որոշում կայացվելուց հետո արդեն կքննարկվի տվյալ շինության քանդման հետ կապված խնդրի կարգավորումը։

Եվս մեկ անգամ կխնդրեմ և կհորդորեմ մեր բնակիչներին, որ զերծ մնան կառուցապատման նմանատիպ աշխատանքներ իրականացնելուց: Ակնհայտ է, որ բոլորը բացահայտվելու են, կասեցվելու են և ունենալու են իրենց տրամաբանական ավարտը՝ ընդհուպ մինչև շինության ապամոնտաժում կամ քանդում»,- ընդգծել է Ռուբեն Խոջայանը: