Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր է մինչև $250 մլն վարկային միջոցներ հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ տնտեսական բարեփոխումների իրագործման համար: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ համապատասխան համաձայնագրի վավերացումը նախատեսվում է 2019թ-ի մայիսին:

Հիմնադրամի կողմից հատկացվելիք միջոցներն ուղղվելու են կառավարության տնտեսական բարեփոխումների իրականացմանը՝ բարձր և ներառական աճ ապահովելու համար: Միջոցներն ուղղվելու են նաև երկրի ֆինանսական կայունության ապահովմանն ու արտաքին խոցելիության նվազեցմանը:

Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կառավարման արդյունավետության բարձրացմանը: