«Համշեն Տուր» զբոսաշրջային կազմակերպությունը տեղեկություն է տարածել, որի համաձայն Կարս քաղաքում քանդվել է այն շինությունը, որը համարվում էր հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը և ուր բազում հայ զբոսաշրջիկներ էին այցելում:

Շինությունը գտնվում է Կարսի բերդի ստորին հատվածում:

Դեռևս հայտնի չէ, թե որն է տան քանդման պատճառը և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

Եղիշե Չարենցը ծնվել է Կարսում 1897թ-ին` բազմազավակ ընտանիքում: 1908թ-ին ընդունվել է Կարսի վարժարան:1914թ-ին լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն: Ազգային ազատագրական պայքարն ու Առաջին աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավոր միանում է Արևմտյան Հայաստանը զավթիչներից ազատել շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: