Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր փետրվարի 27–ին, որոշում է կայացրել դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ Սիլվա Համբարձումյանին կրկին ծանուցելու մասին։

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել: Ավելի վաղ դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։ Նախկին նախարարը հետախուզման մեջ է: Նա իր պաշտպանի միջոցով հայտնել էր, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։