Վերջին շրջանում Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում են լայնածավալ կառուցվածքային և կադրային փոփոխություններ: Թեև հարկային ծառայության բարձր պաշտոն զբաղեցնող անձանց փոփոփություններ գրեթե միշտ եղել են, բայց այս անգամ դրանք աննախադեպ էին, քանի որ կադրային ազատումները չշրջանցեցին փափուկ աթոռներ զավթած, համակարգին բացարձակապես պիտանիություն չցուցաբերած, մասնագիտական թույլ գիտելիքներով ու մարդկային ցածր արժանիքներով աչքի ընկնող մի շարք հովանավորյալների:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառուցվածքային փոփոփությունների արդյունքում ազատվեց ոչ միայն ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ տխրահռչակ Կարեն Կարապետյանից, այլ նաև տարիներ շարունակ հարկային ծառայության համար ոչ պիտանի, սակայն անձեռնմխելի համարվող հնաբնակ, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանից, ով, երկար տարիներ օգտվելով իշխանական կերակրատաշտից, պետությունից ստացել է անաշխատունակության նպաստ՝ աշխատավարձի տեսքով: Նա հանդիսանում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան: Թեև նախընթաց օրերին մամուլին տրված իր պատասխաններում վերջինս ջանադրաբար փորձ էր անում տարանջատվել աներոջից՝ ներկայացնելով տեղեկություններ իր կենսաբանական հոր՝ հայտնի բժիշկ Գագիկ Բեգլարյանի մասին, սակայն ազդեցիկ պաշտոնատար անձի հետ փոխկապակցվածության հենց այս գործոնի ուժով հնարավոր եղավ նրա վերանշանակումը՝ մեկ այլ ստորաբաժանման վարչության պետի տեղակալի պաշտոնում:

Դավիթ Անանյանն առավել սկզբունքային գտնվեց մեկ այլ դրվագով՝ վերջնականորեն ազատվելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի մյուս տեղակալից՝ նախկին առաջին դեմքերի հովանավորյալ, առավել քան երկու տասնյակ տարիներ տնտեսվարողներից գումարներ և բնամթերքներ բացահայտ մուրացող, իր գրագիտությամբ առանձնապես աչքի չընկնող Ջհան Հովհաննիսյանից, ով մինչև վերջ էլ չէր գիտակցում երկրում «իրավիճակի փոփոխությամբ» պայմանավորված կոռուպցիոն դրսևորումներից ազատվելու անհրաժեշտությունը:

Մնում է հուսալ, որ ժողովրդի հաշվին ապրող անգործունյա չինովնիկներից ձերբազատվելու քայլերը կլինեն հետևողական, իսկ գերատեսչությունների ղեկավարներն առավել ուշադրություն կդարձնեն կադրերի պիտանիությանը, մասնագիտական գիտելիքներին ու որակներին՝ դրսևորելով սկզբունքային գործելակերպ՝ անձնական նպատակներով իշխանություն գործադրող չինովնիկներից պետական ապարատը մաքրելու հարցում: