Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր համաձայնագիր է կնքել ռուսական «ՌոսՕբորոնԷքսպորտի» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության հետ՝ նոր զինատեսակների մատակարարման շուրջ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը», ըստ որի՝ փաստաթուղթը ստորագրվել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանի՝ Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքում:

«Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «ՌոսՕբորոնէքսպորտի» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության հետ պայմանագրերի վերջնական համաձայնեցմանն ու ստորագրմանը՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք բերելու շուրջ», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասների:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ զինատեսակների ձեռքբերման համար նոր վարկի տրամադրման հնարավորությունը գտնվում է քննարկման փուլում:

Ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, Մոսկվա էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիպել ռուս գործընկերոջ, պետական «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրենի և ռուսական ռազմարդյուանբերական ոլորտի այլ պաշտոնյաների հետ: