Այսօր ընտանեկան բժիշկ, սրտաբան Սամվել Հայրումյանը Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում անցկացրել է առողջ ապրելակերպի մասին դասընթաց 10-րդ և 11-րդ դասարանցիների համար։ Ներկայացվել են հետևալ թեմաները՝

Առողջ քուն
Առողջ և կանոնավոր սնունդ
Ֆիզիկական ակտիվություն և սպորտ
Ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը։

Ինչ պարզվեց ․․․ Դեռահասների մոտ շատ տարածված են գիշերային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելու հետևանքով քնի խանգարումները, որոնք բերում են դասերից ուշացումների, գերհոգնածության, նյարդային լարվածության, դասի նյութերի ընկալման դժվարությունների։

Արագ սննդի տարբեր տեսակների օգտագործման չարաշահումները, ֆիզկուլտուրայի և սպորտի հանդեպ անբավարար հետաքրքրությունը ու ամենակարևորը՝ մեծամասնության մոտ տանը կան ծխողներ, որոնց 60-70 տոկոսի մոտ ծխում են նաև իրենց ներկայությամբ։

Երեխաներին ներկայացվել է նաև էլեկտրոնային սիգարետների ու նարգիլաների վնասակար ազդեցությունը, որից հետո կոչ հնչեց միանալ հակածխախոտային պայքարին՝ յուրաքանչյուրն իր տանը և իր հնարավորությունների սահմաններում։
Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել տնօրեն տիկին Լիլիա Սարաջյանի հետ՝ նման հանդիպումները դարձնել շարունակական։