Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), շարունակելով իր 10-ամյակի միջոցառումների շարքը, կազմակերպել էր համաժողով նվիրված միջին մասնագիտական կրթության արդիական հիմնախնդիրներին։ Մարտի 1-ին Հայաստանի ամերիկյան Համալսարանում տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» խորագրով համաժողովը։

Համաժողովի ընթացքում խոսվել է այն մասին, թե ինչու՞ և ինչպե՞ս համագործակցել գործատուների հետ, որպեսզի կրթական գործընթացը լինի հնարավորինս արդյունավետ։

Անդրադառնալով թեմայի ընտրությանը` Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ ՈԱԱԿ-ն կարևորում է շնորհված որակավորումների արժանահավատության հարցը: Իսկ առանց գործատուների հետ արդյունավետ համագործակցության հնարավոր չէ ապահովել աշխատաշուկայի կողմից պահանջված մասնագետներ և որակավորումների ճանաչելիություն:

Պարոն Թոփչյանը շեշտել է, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից աշխատաշուկան ակնկալում է պրակտիկ մասնագետներ, իսկ դրա ապահովման համար պետք է, որ երկուստեք համագործակցություն լինի:

«Կրթական գործընթացի արդյունավետության համար ուսումնական հաստատությունը և գործատուն համատեղ ռազմավարություն պետք է մշակեն: Այսօրվա քննարկումները կոչված են աջակցելու, որ ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրը կարողանա գտնել գործատուների հետ շարունակական համագործակցության իր բանաձևը»,- ասել է Ռ. Թոփչյանը:

Միջոցառման մեկնարկին ևս մեկ անգամ հիմնավորվել է, թե ինչու՞ է կարևոր գործատուների հետ համագործակցությունը. այն ապահովում է ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, շնորհած որակավորումների ճանաչելիությունը, աշխատաշուկայի պահանջներին համընթաց քայլելը, առանց մեծ ֆինանսական ներդրումների, գործատուների նյութատեխնիկական բազայի հիման վրա պրակտիկ կրթության կազմակերպումը և այլն:

Շահակիցների ընդհանուր քննարկման ժամանակ քոլեջների և գործատուների ներկայացուցիչները պատմել են, թե ի՞նչ գործոններ կան, որոնք խոչընդոտում են համագործակցությանը: Մատնանշվել է չափորոշիչների վերանայման անհրաժեշտությունը: Կարևորվել է կարճաժամկետ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Մասնակիցները ներկայացրել են նաև իրենց հաջողված փորձը՝ պատմելով, թե ինչպես են կարողացել շարունակական համագործակցություն ստեղծել գործատուների հետ, ինչ է դրանից շահել ուսանողը:

Քանի որ ներկայում քոլեջները նախապատրաստվում են ինստիտուցիոնալ հավատարմագրմանը, համաժողովը նաև հարթակ դարձավ՝ քննարկելու ինստիտուցիոնալ ինքնավերլուծության ժամանակ առաջացած խնդիրները և փորձով կիսվելու: