Մարտի 3-ին, ժամը 17։00-ին Դալան ցուցասրահում /Երևան, Աբովյան 12/ կբացվի նկարիչ Արթուր Խաչատրյանի «ԽաչԱրի Հայաստանը» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը։

Մուտքն ազատ է։

Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի 20 կտավներ: Ցուցահանդեսի հայեցակարգը Հայաստանի ներկայացումն է նկարչի գույների միջոցով և ԽաչԱրի ներկայացումը Հայաստանի գույներով:

ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով, ինչպես ինքն էր նշում, իրեն ոգեշնչողները ֆրանսիական իմպրեսիոնիստներն էին: Տրվելով իր արվեստին, հասել էր կատարյալ ազատության: ԽաչԱրը հաճախ էր նշում, որ հրաշալի է կանգնել մաքուր կտավի առջև և գիտենալ, որ դու կարող ես ինչ-որ եզակի բան արարել:

Խաչատրյան Արթուրը ծնվել է 1966թ-ին հուլիսի 29-ին Երևանում: 1973-1983թթ-ին սովորել է Երևանի N 83, այնուհետև 149 միջնակարգ դպրոցներում:

1983-1990թթ-ին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության և գծագրության ֆակուլտետում: 1984-1986թթ-ին ծառայել է Սովետական բանակում, եղել Ցխինվալիի ինժեներաականազերծման գնդի նկարիչը:

Բուհն ավարտելուց հետո աշխատել է Զովունի արտադրական միավորումում որպես նկարիչ: Զբաղվել է ոսկերչությամբ, փայտի փորագրությամբ, քարի մշակմամբ: Խաչատրյան Արթուրը ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդես։ ԽաչԱրի նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում: