Մարտի լույս 4-ի գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել:

«8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ Առևանգման փորձ՝ հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ-որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից»,- գրել Մալյանը:

Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատահածին անդրադարձել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատմել է, որ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների, փորձել են Մալյանին գցել աղբամանը: Պետրոսյանը նշել է, որ Մալյանին չեն հարվածել, չեն հայհոյել և գործողությունը չեն կարողացել ավարտին հասցնել ոստիկանության միջամտության շնորհիվ:

Մալյանը, ինչպես նաև «Ռեստարտի» անդամները, բերման են ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ։

«Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձիք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։