Այսօր հանճարեղ ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Նա հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը:

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ-ին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1898թ-ին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904թ-ին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917թ-ին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում՝ նախագծելով և տարբեր քաղաքներում կառուցելով բազմաթիվ շինություններ։ 1919թ-ին տեղափոխվել է Երևան, 1921թ-ին՝ Իրան։ 1923թ-ին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունեություն։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ Պետպլանի փոխնախագահ (1923թ-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924թ-ից) և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։

Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական գործունեությունը բաղկացած է երեք շրջաններից՝ ռուսաստանյան (1904-1918), հայաստանյան (1919-1921, 1923-1936), պարսկական (թավրիզյան, 1921-1923)։

1919թ-ին Ալեքսանդր Թամանյանը ժամանել է Հայաստան։ Սակայն Թամանյանի գործունեությունն Առաջին հանրապետության օրոք եղել է կարճատև։ Այդ ժամանակահատվածում նա մշակել է ՀՀ զինանշանը, հիմնել և ղեկավարել է Հնությունների պահպանության կոմիտեն և սկսել է աշխատել Երևանի վերակառուցման և զարգացման գլխավոր հատակագծի վրա։ 1921թ-ի ապրիլի 21-ին մեկնել է Պարսկաստան, սակայն 1923թ-ի մարտին Խորհրդային Հայաստանի կառավարության պատվերով Թամանյանը վերադարձել է Երևան և մինչև կյանքի ավարտն ապրել և ստեղծագործել է Հայաստանում:

1920-ական թթ-ին Թամանյանը զբաղվել է էներգետիկայի և ոռոգման հարցերով` նախագծելով և կառուցելով ջրանցքներ, ջրհան և հիդրոէլեկտրակայաններ: Թամանյանի անդրանիկ կառույցը Հայաստանում եղել է Երևանի հիդրոէլեկտրակայանը (1925թ): Այս կառույցի համար, ինչպես նաև հանրապետության էներգետիկայի զարգացման համար 1926թ-ին Թամանյանին շնորվել է ՀԽՍՀ Ժողովրդական ճարտարապետ կոչում:

1924թ-ի ապրիլի 3-ին կառավարությունը հաստատել է Թամանյանի ներկայացրած Երևանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագիծը: Նախագծի համաձայն՝ Երևանը քաղաք-այգի էր 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով և բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական և այլն: Քաղաքն ուներ երկու կենտրոնական հրապարակ` Թատերական՝ (հետագայում Պետթատրոնի հետ միասին) որպես մշակութային կենտրոն, և Լենինի անվան հրապարակ՝ Կառավարական տան հետ միասին՝ որպես վարչական կենտրոն: Հյուսիսային պողոտան միացնում էր քաղաքի կարևորագույն այս կենտրոնական երկու հատվածները և տեսարանն ավարտվում էր Արարատի շքեղ հեռանկարով:

Թամանյանի նախագծած խոշորագույն կառույցներն են` Կառավարական տունը և Ժողտունը՝ Օպերայի և բալետի պետական թատրոնը: Այս նախագծերը Թամանյանը մշտապես կատարելագործել է մինչ կյանքի վերջ: 1926-1929թթ-ին կառուցվել է միայն Կառավարական տան մի մասը՝ Նալբանդյան փողոցին հարող Հողժողկոմի շենքը։