«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիա է իրականացվել խորենացի 13 հասցեում՝ քանդված շենքի մոտ։ Մասնակիցները Հանրապետության Հրապարակից երթով շարժվել են դեպի քանդված շենքը։

Ակցիայի մասնակիցները պահել են «վանդալիզմ» գրությամբ ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, ինչպես նաև քանդված շենքի լուսանկարները։

«Պարոն Մարության, այս շենքը չեն քանդել նախկին իշխանությունները։ Սա քանդել եք Դուք։ Եվ շատ շենքեր եք քանդելու՝ ասելով, որ դրա թույլտվությունը եղել է նախկին իշխանությունների օրոք»,- հայտարարել է Սամսոնյանը։

Նա նշել է, որ շենքն իսկապես մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու արժանի ու հետաքրքիր նմուշ է, այն կարող էր վերականգնվել ու փրկվել։

Սամսոնյանի խոսքով, վանդալիզմի դեմ լինելու են ահագնացող գործողություններ։