Փետրվարի 28-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170.000 դրամ կաշառք է պահանջել։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ հետախուզական բազմաբնույթ միջոցառումներ։

Կաշառքը ստանալուց և պահելուց անմիջապես հետո, Լուսավորչի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Նվեր Օհանյանը։ Նրա ավտոտնակի զննության ընթացքում Օհանյանը ոստիկաններին ներկայացրել է 170․000 դրամը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նվեր Օհանյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։