Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյին` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի` Կարսում գտնվող տան քանդման առնչությամբ: Փայլանը թուրք նախարարին ուղղել է 5 հարց.

« - Մտածե"լ եք արդյոք այն հուսախաբության և վիրավորանքի մասին, որ կարող է Չարենցի տան փլուզումից հետո առաջանալ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց մեջ:

- Չարենցի տան փլուզման որոշումը ո՞ր հաստատության կողմից է կայացվել: Ձեր նախարարությունը տեղյակ եղե՞լ է:

- Որո՞նք ենք այն շոշափելի քայլերը, որ նախարարությունն իրականացնում է ըստ արժանվույն արժևորելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու հիշողության այն վայրերը, որոնք առնչվում են հայ արվեստագետներին և մտավորականներին:

- Չարենցի տունը կարող է դառնալ հայկական մշակույթի և Կարսի համար հիշողության կարևոր վայր: Տան վերանորոգման և որպես թանգարան օգտագործման ուղղությամբ նախագիծ պատրաստե՞լ է նախարարությունը:

- Կենթադրեմ, որ հիշողության այս վայրը քանդվել է Չարենցի հայ լինելու պատճառով։ Համամի՞տ եք։

Հիշեցնենք, որ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։ Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքևի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։