ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ոլորտի զարգացման գործում կարևորում է մշակութային հաստատություններում համակարգային փոփոխություններ իրականացնելը, ստեղծագործող անձանց համար համապատասխան միջավայր ստեղծելը: Նրա կարծիքով` ոչ նյութական և նյութական մշակութային ժառանգության պահպանման համար դրանք քարտեզագրել է հարկավոր: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

«Թանգարանները, թատրոնները, համերգասրահները և այլ մշակութային կառույցները կարող են տոմսերի առցանց վաճառք, գովազդ իրականացնել, հանրահռչակման տարբեր եղանակներ փնտրել: Մենք ունենք թատրոններ, որոնց տեխնիկան բավականին հին է. բեմերը պետք է համալրվեն ժամանակակից տեխնիկայով: Համերգային դահլիճներում անհրաժեշտ է նոր ձայնային, լուսային, համակարգչային համակարգեր ներառել:

Մշակութային հաստատությունները պետք է կառավարեն իրենց արտաբյուջեն և կարողանան հովանավորներ գտնել տարբեր խնդիրներ լուծելու համար:

Կառավարումը չի ենթադրում միայն տեխնիկական հագեցվածությունը: Պետք է ներքին կառավարման համակարգը բարելավվի, ինչն անմիջականորեն կապված է օրենսդրական դաշտի հետ, իսկ դա էլ իր հերթին` ՊՈԱԿ-ների մասին օրենքի փոփոխություններով: Մենք պետք է ՊՈԱԿ-ների գծով նոր օրենսդրություն մշակենք: Շատ եմ կարևորում բոլորի համար հավասար պայմանների առկայությունը, թափանցիկությունը: Առաջին բանը, որը մենք արել ենք ու պետք է կատարելագործենք, մրցութային դրամաշնորհային նոր համակարգի ներդրումն էր: Դա նշանակում է, որ ցանկացած մշակութային միջոցառում կարող է կյանքի կոչվել` դրամաշնորհային մրցույթն անցնելով: Մրցույթի համար ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, կան տարբեր անվանակարգեր, որոնք անընդհատ փոխվում են ու կփոխվեն ըստ մեր ռազմավարության գերակայությունների: Ներկայումս կա ութ անվանակարգ:

Ըստ իս` ավելի էական է տարբեր ինստիտուտներ, կազմակերպություններ ստեղծել մարզերում, որոնք կօգնեն, որ տեղի բնակիչները մասնակցեն մշակութային արտադրանքի ստեղծմանը»:

Նազենի Ղարիբյանն անդրադարձել է նաև հուշարձանների պահպանության հարցին․

«Հուշարձանների պահպանության ոլորտն ամենախնդրահարույցներից է: Այդ բնագավառում առկա խնդիրները շատ վաղուց են գալիս և տարիներով լուծում չեն ստանում: Պետք է հասկանալ, որ մշակութային հուշարձանը միայն ճարտարապետական կառույց չէ․ այն ունի պատմություն։ Հուշարձանները վերականգնելիս, ամրակայելիս պետք է հաշվի առնել դրա ստեղծման ժամանակաշրջանի քաղաքակրթական պահանջները։

Հայաստանում հնագիտությունը բավականին զարգացած է, բայց մենք միջնադարյան արժեքներն ուսումնասիրող հնագետներ քիչ ունենք: Նրանք էլ վերապատրաստման կարիք ունեն: Մենք չունենք միջնադարյան հնագիտության դպրոց, և միջնադարյան հուշարձաններով միշտ զբաղվել են ճարտարապետները»: