Արցախում ընթացիկ տարվա մարտի 5-ի դրությամբ վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) հիվանդությունների պատճառով հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքում գրանցվել է 67 հիվանդ, որից 48-ը երեխաներ են:

Այս մասին ասել է Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ նշելով, որ ամբուլատոր դիմելիությունը հանրապետությունում կազմել է 235, որից 210-ը՝ երեխաներ: Ստացիոնար բաժանմունքում գրանցված հիվանդներից 18-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, որից 10-ը երեխաներ են: Այս մասին գրում է «Արցախպրեսս»-ը։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում հիվանդությունների թիվը երկու անգամ աճել է. այն պայմանավորված է սեզոնային գրիպի և սուր-շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ: Ընդհանուր առմամբ, վիճակը վերահսկելի է։ Այն կանխարգելելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան պատվաստում, որը Արցախի բոլոր հիվանդանոցներում տրամադրվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Պատմաստումը կատարվում է 6 ամսականից բարձր երեխաներին և ռիսկային խմբի խրոնիկ հիվադներին»,- նշել է ոլորտի պատասխանատուն:

Նա հորդորել է բոլորին, որ վերին շնչուղիների սուր վարակների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի և ստանալ համապատասխան խորհրդատվություն, հագնվել տաք և օգտագործել շատ հեղուկ: