Ամստերդամի Սհիփոլ օդանավակայանի բոլոր չվերթերը չեղարկվել են Եվրոպայում մոլեգնած ձնաբքի պատճառով։ «Նկատի առնելով վատ եղանակային պայմանները՝ ամբողջ օդային երթևեկությունը դադարեցված է մինչև նոր կարգադրությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նիդեռլանդների օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ նախազգուշացրել էր ձնահողմի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակի մասին: Ծառայության տվյալներով՝ քամու պոռթկումների արագությունը տեղ-տեղ կարող է հասնել ժամում 140 կիլոմետրի:

Նիդեռլանդներում գնացքների երթևեկությունը նույնպես իրականացվում է ընդհատումներով: Նիդեռլանդները Եվրոպայի միակ երկիրը չէ, որտեղ մոլեգնել է ձնաբուքը: AP գործակալությունը գրում է, որ Գերմանիայի արևմտյան և հյուսիսային շատ շրջաններում փակ են դպրոցները: Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ իրենց տներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: