Ֆինանսների, ճանապարհորդության, առողջապահության, մեդիայի և ժամանցի ոլորտների համար տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը գալիս է Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Երևանյան DataArt-ն ընկերության պատմության մեջ առաջին անգամ կհամատեղի R&D կենտրոնի և վաճառքի գրասենյակի գործառույթները՝ մասնավորապես դեպի Միջին Ասիական շուկա: DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance (QA)-ի (ծրագրային ապահովման թեստավորում և որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման և օժանդակման, բիզնեսի զարգացման վրա:

Նախարարը նշել է, որ մասնագետներ փնտրելու և ընտրելու գործընթացն արդեն սկսվել է, գրասենյակում կատարվում է վերանորոգում և աշխատատեղերի կահավորում, «բնակարանամուտը» նախատեսված է հունիսին: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ DataArt Երևանում կսկսեն աշխատել 30-ից ոչ պակաս մասնագետներ: