ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է հրապարակել ապօրինի ներմուծված չգրանցված դեղերի շրջանառությունը դադարեցնելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է.

««Պոլֆարմա» դեղագործական ընկերության կողմից ներկայացված դիմում-բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է առանց առողջապահության նախարարության կողմից տրված ներմուծման հավաստագրի շուկայում շրջանառվող հետևյալ դեղերի առկայությունը՝

1. Բիսեպտոլ, դեղակախույթ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մլ; 80մլ ապակե շշիկ և չափիչ բաժակ, սերիաներ՝ 031117,010518,

2. Աքվադետրիմ վիտամին D3, կաթիլներ ներքին ընդունման15000ՄՄ/մլ; 10մլ ապակե շշիկ, սերիաներ՝ 030718, 040418։

Համաձայն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի փորձագիտական եզրակացության, նշված դեղերի սերիաների տվյալները բացակայում են ներմուծման վերաբերյալ առողջապահության նախարարության տվյալների շտեմարանից, ներմուծվել են առանց փորձաքննության ենթարկվելու և համարվում են օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղեր։

Միաժամանակ, վերոնշյալ դեղերի նշված սերիաները գրանցված չեն համարվում՝ դեղերի անվանումների, արտադրողների, դեղի կիրառման ցուցումների, հակացուցումների և այլ անհամապատասխանությունների հիմքերով:

Հաշվի առնելով ազգաբնակչությանը որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովման անհրաժեշտությունը՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 1-ին դիմել է առողջապահության նախարարությանը գործող իրավական դաշտի սահմաններում օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի նշված չգրանցված սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ կազմակերպելու նպատակով։

Վարչական իրավախախտումները նախականխելու և ազգաբնակչության առողջության պահպանման նկատառումներից ելնելով՝ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է հանրությանը, որ անհրաժեշտ է զերծ մնալ վերոնշյալ սերիաներով դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից»: