Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հաստատել է, որ «Բաց հասարակության հիմնադրամների» (ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող հիմնադրամը) կողմից դրամաշնորհ է ստացել։ Այս մասին հայտնում է Ա1+-ը:

«Մատաղիսի» և Աշոտ Հարությունյանի գործի հետ կապված դրամաշնորհներ ստացել եմ ԲՀՀ-ից»,- հաստատել է փաստաբանը:

Ալումյանը նշել է, որ ինքն է դիմել դրամաշնորհի համար, որովհետև «իր պաշտպանյալները անվճարունակ են եղել, բավարար դրամական միջոցներ չեն ունեցել դատարաններ դիմելու, համապատասխան վճարները կատարելու համար»։

«Զալյանի դիմումն էր, որի հիման վրա «Հյուսիսային դատարան», «Հարավային դատարան» և «Երևան քաղաքի դատարան» հասկացությունները ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող և ամբողջությամբ փոփոխվեց Դատական օրենսգիրքը: Իմ պաշտպանյալների համար իմ անունից դիմել եմ՝ ասելով, որ այս մարդիկ գումար չունեն, բայց գործը Եվրոպական դատարան գնալու անհրաժեշտություն ունի, նրանց իրավունքները կոպտորեն խախտվել են, եթե հնարավոր է, ֆինանսավորեք։ Եվրադատարան դիմելը բավականին ծախսատար է»,- նշում է փաստաբանը։

Ալումյանը դրամաշնորհ է ստացել նաև «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին» ձեռնարկի դասավանդման ծրագիրը հեղինակելու համար։

«2017թ-ի սեպտեմբերի 19-21 ֆինանսավորել են իմ մասնակցությունը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի անցկացրած մարդկային չափումների իրականացման տարեկան հանդիպմանը, որտեղ ես ներկայացրել եմ հայտնի գործերով փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած ճնշումների դեպքերը»,- եզրափակել է Հայկ Ալումյանը։