Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

ՀՀ նախագահն ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այս կարևորագույն կրթական օջախում։ Իմ շփումները Բրյուսովի անվան համալսարանի հետ սկսվել են դեռ այն ժամանակից, երբ ես ուսանող էի: Ես կարծում եմ, որ Բրյուսովի անվան համալսարանը ՀՀ ամենակայուն համալսարաններից է իր տեսակով, որակով և սկզբունքներով: Սա փայլուն համալսարան է, որովհետև բազմաթիվ սերունդներ է կրթել, փայլուն անձնավորություններ և անուններ է նվիրել մեր երկրին: Մի քանի րոպե առաջ մենք բացեցինք լսարաններից մեկը, որը ձեր համալսարանի շրջանավարտների՝ Գևորգ և Գոհար Վարդանյանների անունն ունի»:

Նշելով, որ տեղյակ է, որ համալսարանի ուսանողների 90 տոկոսը աղջիկներ են, նախագահ Սարգսյանը, առիթն օգտագործելով, շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին գալիք Մարտի 8-ի տոնի և կանանց միամսյակի առթիվ․

«Մարտի 8-ը իմ ամբողջ կյանքում եղել է կանանց, մայրության, կանացի խորը արժեքների օր։ Ուրախ եմ, որ մեզ մոտ ոչ թե մեկ օր է, այլ միամսյակ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Իրականում լավագույնը կլիներ, որ ամբողջ տարին հայտարարեին կանանց տարի, և ամբողջ տարին ուշադիր լինեինք մեր մայրերի, քույրերի, կանանց և աղջիկների նկատմամբ, երիտասարդ և գեղեցիկ ուսանողուհիների նկատմամբ, որոնք ձեր միջանցքներում են: Մեր մայրերի և կանանց դերը մեր կյանքում հսկայական է»:

Նախագահն ուրախությամբ է նշել, որ աստիճանաբար կանանց դերը հանրության մեջ, հասարակությունում, և՛ քաղաքական, և՛ գործարար կյանքում մեծանում է:

Շնորհավորելով հանդիպմանը ներկա կանանց և ի դեմս նրանց, մեր երկրի և Արցախի բոլոր մայրերին, կանանց, քույրերին, աղջիկներին՝ նախագահը կոչ է արել տղամարդկանց.

«Եկեք այս մեկ ամիսը ուշադրություն ցույց տալուց հետո շարունակենք այնպես, որ 2019թ․ լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի»: