Կենտրոնացված գնումների շնորհիվ սրտի ստենտավորման գումարը պետպատվերի շրջանակում 1 մլն 80 հազարից կդառնա 700 000 դրամ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ պետպատվերից դուրս այն իր ազդեցությունը կունենա նաև շուկայական գների վրա:

«Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գումարի նվազեցումը հնարավոր է դառնում կենտրոնացված գնումների հաշվին: Ստենտը ներկայում ձեռք է բերվում 250-400 եվրոյով, շուտով մեզ հնարավորություն կընձեռվի նույն որակի ստենդը ձեռք բերել շատ ավելի մատչելի գնով: Ստենտները ձեռք կբերենք 3 մատակարարից, որոնք ներկայում մատակարարում են շուկայի մոտ 85-91 տոկոսին: Մարդիկ կարող են համոզված լինել, որ բոլոր ստենտները Հայաստանում ձեռք են բերվելու այդ նույն խոշորագույն երեք մատակարարներից»-ասաց Ալթունյանը:

Նախարարության հաշվարկներով՝ ստենտի ինքնարժեքը կազմում է մոտ 620 000 դրամ: Հաշվարկների արդյունքում որոշվել է ստենտավորման գինը սահմանել 700 000 դրամ:

«Մենք նախատեսել ենք 5 տարվա ամորտիզացիա՝ ամեն ստենտավորումից կհատկացվի գումար, որը թույլ կտա, որ 5 տարին մեկ բուժհաստատությունը փոխի իր սարքավորումները: Սակայն դրա համար բուժհաստատությունը պետք է կատարի օրական 5 ստենտավորում, ինչն իրատեսական թիվ է»-ասաց նախարարն ու վստահեցրեց, որ բուժհաստատությունների ղեկավարնեըը և ստենտավորում իրականացնող բժիշկները կարող են մտավախություն չունենալ, թե իրենց եկամուտը կնվազի:

Նոր գնային համակարգի կիրառումը կախված է նրանից, թե որոշումն որքան ժամանակում կանցնի բոլոր պաշտոնական օղակներով: Նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին: