ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ծխախոտի բարձր հարկման հնարավոր արդյունքը և տարբեր երկրներում իրականացված նույն ծրագրի արդյունքները․

«Ծխախոտային արտադրանքի վրա հարկման ավելացումը հանգեցնում է պետական եկամուտների ավելացմանը և հասարակության մեջ ծխելու տարածվածության նվազմանը: Մի շարք երկրներում ծխախոտի ակցիզային հարկի ավելացումը հանգեցրել է զգալի դրական փոփոխությունների: Պետական բյուջե է ուղղվել լրացուցիչ եկամուտ, որն օգտագործվել է բազմաթիվ առողջապահական և սոցիալական ծրագրերի իրականացմանը:

Այսպես, Ֆիլիպիններում հարկային բարեփոխումներից հետո 2008-2016թ-ի ընթացքում ըստ մարդաշնչի սպառումը նվազել է 33.6%-ով, իսկ ծխախոտի ակցիզային եկամուտն աճել է 245%-ով:

2010-2015թթ-ի ընթացքում ծխախոտի ակցիզային հարկը Հարավաֆրիկյան Հանրապետությունում աճել է 61%-ով: Նույն ընթացքում ծխախոտի վաճառքը նվազել է 17.5%-ով, իսկ ծխախոտի հարկից պետական եկամուտներն աճել են 37.2%-ով:

Ծխախոտի սպառումը նվազել է 13%-ով 2009թ-ին և 15%-ով 2010թ-ին, մինչդեռ հարկային եկամուտներն նախորդ տարիների հետ համեմատած աճել են $700 միլիոն և $500 միլիոն դոլարով` 2009 և 2010թթ-ին համապատասխանաբար: Հարկի ընդհանուր չափը ծխախոտային արտադրանքի համար աճել է 2002թ-ին 64.8%-ից մինչ 2017թ-ին 83.0%-ը:

Ըստ վերջին տվյալների Թուրքիայում 2015թ-ին ծխախոտի հարկային եկամուտը կազմում էր երկրի հանրային առողջապահական ծախսերի 42%-ը և ՀՆԱ-ի 1.5%-ը: 2003-2015թթ-ի միջև ըստ մարդաշնչի ծխախոտի սպառումը նվազել է 18%-ով, մինչդեռ ծխախոտի հարկային եկամուտն աճել է 476%-ով:

Բրազիլիայում 2008թ-ից ծխախոտի արտադրանքի ընդհանուր հարկերն ավելացել են 209%-ով, սպառումը նվազել է 50% -ով, իսկ ծխախոտի ակցիզային հարկից եկամուտն աճել է 75%-ով:

Ռումինիայում ծխախոտի հարկերի և գների զգալի աճը վերջին 15 տարիներին նպաստել է Ռումինիայում ծխելու մակարդակի զգալի նվազեցմանը՝ ապահովելով ավելի քան 8.7 մլրդ RON (1,004 մլրդ ՀՀ դրամ) հարկային եկամուտ:

2010թ-ից Ֆրանսիան ծխախոտի հարկը բարձրացրել է 25%-ով: Ներկայում ծխախոտի հարկերի ընդհանուր մասնաբաժինը կազմում է մանրածախ գնի 80%-ը: Այս ընթացքում ծխախոտի տարեկան սպառման 28% նվազմանը զուգահեռ գրանցվել է ծխախոտի ակցիզային հարկերից եկամտի 1.8% աճ:

2010-2016թթ-ին Ռուսաստանի Դաշնությունում ծխախոտի ակցիզային հարկի քաղաքականության արդյունքում (ակցիզային հարկը տարեկան աճել է 30-40%-ով) պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 4.5 անգամ, մինչդեռ ծխախոտի շուկան նվազել է 25%-ով:

Ուկրաինայում 2008թ-ից սկսած ծխախոտի արտադրանքի ընդհանուր հարկերն աճել են 855%-ով, սպառումը նվազել է 36%-ով, իսկ եկամուտներն աճել են 45%-ով:

Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, հարկման ճիշտ մոտեցումը թույլ է տալիս երկրներին ոչ միայն նվազեցնել ծխախոտի օգտագործումը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների և երիտասարդների շրջանում, այլև պետական բյուջե է ուղղում լրացուցիչ մեծածավալ ֆինանսներ, որոնք կարող են օգտագործվել ի օգուտ հանրության բարօրությանը:

Տեղեկանք. Հայաստանի Հանրապետության կողմից 2004թ-ին վավերացվել է, իսկ 2005թ-ից ուժի մեջ է մտել Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիան: Համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ Հայաստանը «պետք է ձեռնարկի կամ պահպանի միջոցներ, որոնք կարող են ներառել ծխախոտային արտադրատեսակների հանդեպ հարկային քաղաքականության, և նպատակահարմարության դեպքում, գնային քաղաքականության իրականացումը՝ ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված առողջապահության ոլորտի նպատակներին հասնելուն աջակցելու համար»:

Նշենք, որ ներկայացված տվյալների աղբյուր են հանդիսացել Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը, Եվրոպական հանձնաժողովը, Համաշխարհային բանկը, Global Tobacco Control Report 2017, Ծխախոտի դեմ պայքարի առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիան»: