Հարկային խախտումներով վարչական վարույթները ՊԵԿ նախագահի հրամանով վստահվել են իրավաբանական վարչությանը։ Այդ մասին հարկային վարչարարության բարեփոխումները ներկայացնելիս ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը։

Նա ներկայացրել է ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների վիճակագրությունը։ 2016, 2017, 2018թթ-ին քրեական գործերի շրջանակներում պետական բյուջե կատարված վերականգնումների վիճակագրությունը հետևյալն է.2016 թ.՝ 4 մլրդ 563 մլն դրամ, 2017թ.՝ 8 մլրդ 462 մլն դրամ, 2018թ.՝ 8 մլրդ 556 մլն դրամ, հայտնում է Araratnews.am-ը։

«2018թ-ի ցուցանիշը հիմնականում ապահովվել է հունիսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի քրգործերով, որոնց վերաբերյալ ՊԵԿ-ը հանդես է եկել հրապարակումներով»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալը։

«2016թ-ին 86 քրեական գործի շրջանակում պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ 457 մլն դրամի վնաս, 2017թ-ին 57 քրգործով պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 838 մլն դրամ, 2018-ին 134 քրգործով՝ 23 մլրդ 983 մլն դրամ գումար՝ նախնական հաշվարկով»,- հավելել է նա:

Բադասյանի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսավարողների շրջանում է՝ 16 մլրդ դրամի չափով, դրան հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ 1 մլրդ 273 մլն դրամ, ապա՝ կարգոներն ու ապահովագրական ընկերությունները։