«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժել և մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս հրապարակված սկզբունքները, որոնց շուրջ պետք է շարունակվեն արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները»,- նման հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը։

Տարածած հայտարարության մեջ նաև ասվում է.

«Որքան էլ որ լեգիտիմ և զանգվածային աջակցությամբ պաշտպանված են ՀՀ իշխանությունները, նրանք պետք է քաջ գիտակցեն, որ ընդունելով նախորդ իշխանությունների բանակցային գործընթացի փիլիսոփայությունը, համաձայնելով առաջարկվող պայմաններով «հաշտվել» Ադրբեջանի հետ, կնշանակի նույն օրն ևեթ ժողովրդի պահանջով պաշտոնանկ լինել:

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկում ենք օգտագործել թավշյա հեղափոխության արդյունքում իրեն տրված հնարավորությունը և հրաժարվել այսպես կոչված «մադրիդյան սկզբունքներից», որոնց կիրառումը, առնվազն, վերից վար կկազմաքանդի Արցախի երեք տասնամյակ ձևավորված անվտանգության համակարգը, և հարցականի տակ կդնի հայության գոյությունը:

Մենք պատրաստ ենք ներկայացնել այն հիմնարար սկզբունքները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին և չեն հակասում Հելսինկյան հռչակագրի բովանդակությանը:

Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին և Մինսկի խմբի համանախագահներին չխախտել միջազգային իրավունքի գլխավոր պահանջը՝ հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ և իրավական ճանապարհով»։