Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Սարգսյանը հայտնել է, որ Հանրապետության ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ այս տարի մի փոքր ավելի է, և լիահույս ենք, որ ավելի հաջող տարի է լինելու ջրային ռեսուրսների մասով, քան նախորդ տարի էր: Այս մասին գրում է Tert.am-ը։

Ըստ նրա՝ 12 խոշոր ջրամբարի լցվածության մասով Ջրային պետական կոմիտեն ԱԻՆ-ից ստանում է ամենօրյա հաշվետվություն:

«Անցած տարվա նույն օրվա համեմատ՝ օրինակ՝ մարտի 11-ի համեմատ անցած տարի 2018թ.-ին 12 ջրամբարի մասով ջրի լցվածությունը կազմել է 318 մլն խորանարդ մետր, իսկ այս տարի նույն ժամանակահատվածի կտրվածքով կազմում է 325 մլն խմ: 2017թ-ին նույն օրվա ժամանակահատվածի կտրվածքով 379 մլն է եղել լցվածությունը, այսինքն՝ անցած տարի ինքնին սակավաջուր տարի էր, բայց այս տարի անցած տարվանից ջրամբարներում մի փոքր լցվածությունն ավելի է»,- ասել է պաշտոնյան:

Կամո Սարգսյանը նշել նաև, որ դեռևս ձյան շերտ կա, և վաղ է վերջնական ասել, թե ինչքան կկազմի ջրամբարների լցվածությունը:

«Եթե հաջող ստացվի, գարնան վերջին ամիսներին անձրևներ տեղան, սելավ առաջանա, հոսք կառաջանա դեպի ջրամբարներ։ Այս պահի դրությամբ 12 ջրամբարի մասով ընդհանուր ծավալը կազմում է 891 մլն խմ, այսինքն՝ շուրջ 1/3-րդի չափով է լցված»,- ասել է նա: