Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության երկրորդ բաժնի ծառայողները հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ ակումբի ներսում, ապա դրսում ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սերյոժա Պողոսյանի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հովհաննես Մկրտչյանի միջև։

Այնուհետև այն շարունակվել է նույն գյուղի «Կալեր» կոչվող վայրում, որին մասնակցել են Սոլակ գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Էդգար Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Մարգարյանը, 40-ամյա Աղասի Հայրապետյանը և 26-ամյա Հովհաննես Գևորգյանը։ Խումբը պարզաբաման համար հանդիպել է, որի ժամանակ էլ միմյանց միջև ծեծկռտուք է առաջացել, ու Հ. Մկրտչյանը իր մոտ եղած ատրճանակով մարդկանց վախեցնելու նպատակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։

Տարածված լուրերի համաձայն՝ Խաչատրյանը Սոլակի գյուղապետն է: