Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Ադրբեջան մեկնող հայազգի ՌԴ քաղաքացիներին այդ երկրում հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին:

«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել այն անձանց մուտքը երկիր, անկախ քաղաքացիությունից, որոնք անմիջական կամ անուղղակի պատկանելություն ունեն հայ ազգին: Դա պատճառաբանվում է նման անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմի բազմաթիվ դիմումները Ադրբեջանին այդ երկիր ժամանող ՌԴ քաղաքացիների ազգային պատկանելության հատկանիշով խտրականության անթույլատրելիության մասին, անտեսվում են:

«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները խորհուրդ ենք տալիս ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան մեկնելիս հաշվի առնել բոլոր հավանական ռիսկերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: