Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ Թեղուտի հանքի հարցով հանրային դատին գլխավոր մեղադրյալ «Վալլեքս» ընկերությունից մարդ չէր եկել, բայց մի հատ հուզիչ նամակ էին ուղարկել։ Կարդացեք, բայց նայեք լաց չլինեք վերջում.

««Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին հասցեագրված Ձեր 6.03.2019թ․ գրությանն ի պատասխան հայտնում ենք.

Մենք բարձր ենք գնահատում Ձեր մղումը կազմակերպվող հանրային քննարկմանը բոլոր կողմերի ներգրավվածությունն ապահովելու և շնորհակալ ենք մեր տեսակետն այդ քննարկման շրջանակներում հայտնելու հնարավորություն տալու համար։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ Թեղուտի լեռնահանքային համալիրը կառուցվել և գործարկվել է առավելապես «Վալլեքս» խմբի ընկերությունների մարդկային ռեսուրսների ներգրավմամբ, այդուհանդերձ ներկայում մենք որևէ իրավասություն չունենք «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից հանդես գալու և մեկնաբանելու ինչպես անցյալին ու ներկային, այնպես էլ ապագային վերաբերող խնդիրները։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հիմնական փուլն իրականացվել է «Վալլեքս» խմբի և ռուսական ՎՏԲ բանկի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերության կողմից «Թեղուտ» ՓԲ ընկերության կառավարման պայմաններում։

Ինչպես հավանաբար Ձեզ արդեն հայտնի է մեր պաշտոնական հաղորդագրություններից, լեռնահանքային համալիրի շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն, և շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնել են համալիրի գործունեությունը։ Այդ իրավիճակում ՎՏԲ բանկը 2018թ. սեպտեմբերին տիրացել է «Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթին, և մեր գնահատմամբ` դա արել է ոչ իրավաչափ ճանապարհով։ «Վալլեքս» խումբն այդուհետ չունի իրավական հիմքեր «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից շահագրգիռ հանրությանը որևէ մեկնաբանություն ներկայացնելու։

Հուսով ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նաև ներկա սեփականատիրոջ օրոք կշարունակի շահագրգիռ հանրության հետ թափանցիկ աշխատանքի «Վալլեքս» խմբի ձևավորած ավանդույթները և պատշաճ կարձագանքի Ձեր հրավերին»։

Հ․Գ․ Ավելացնեմ, որ այս ընկերությունում 10 տարի՝ 2006-2016թթ․, ֆինանսական տնօրեն աշխատած Տիգրան Խաչատրյանը, ով հավասարապես պատասխանատու է Թեղուտի ծրագրի բոլոր առումներով կոլապսի համար՝ հիմա զբացեցնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախարարի պաշտոնը»։