Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվել է միաձայն՝ 112 ձայնով։

Ըստ այս փոփոխության՝ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և ՀՀ մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպարտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք կթույլատրվի։

«Փորձում ենք կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել, իրավիճակային լուծում տալ, դրանից հետո օրենքի որևէ փոփոխություն չի նախատեսվում»,- ասել է նախագծի հիմնական զեկուցող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Կառավարության առաջարկած փոփոխությամբ՝ հնարավորություն է ընձեռվում ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային այն միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018թ-ի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019թ-ի մայիսի 1-ը:

Նախագծի հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատել է, որ եթե ժամանակին՝ այս օրենքն ընդունելիս, տնտեսական էֆեկտները հաշվի առնվեին, այսօր խորհրդարանն ու կառավարությունը նման խնդրի առջև չէին կանգնի։

«Սա մեզ համար պետք է դրոշակ լինի, որ հետագայում ակնկալենք թե´ կառավարությունից, թե´ մեր գործընկերներից օրենսդրական նախաձեռնությունների հիմնավորումները ներկայացնել, որպեսզի ստիպված չլինենք նորից վերադառնալ նույն խնդիրներին»,- ասել է նա։

Խորհրդարանը վաղը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնի նախագիծը, որից հետո այն կդրվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության։