Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 5 ներկայացուցիչներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել Հայաստանի հավաքականի 5-րդ մեդալը:

Վլադիկավկազում պայքարը շարունակում է Հայաստանի 5 ներկայացուցիչ: Ավելի վաղ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը հաղթել էր իտալացի մարզիկին դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանն ու Վախթանգ Հարությունյանը: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել:

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մարտի 13-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 20 մարզուհիներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Առաջնության առաջին օրը տեղի է ունեցել առանձին գործիքների որակավորման փուլը, ինչպես նաև հայտնի դարձան բազմամարտի կանանց Հայաստանի չեմպիոնները։

Առաջին տեղը գրավեց Աննա Գրիգորյանը, Ինեսա Ջաղինյանը երկրորդն էր, իսկ երրորդ տեղը բաժանեցին Մարիետա Բուչախչյանը և Տաթև Սուքիասյանը: Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան մարտի 14-ին։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Ագզամովի հիշատակին նվիրված Տաշքենդ Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 12 երկրի 73 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարում ամենաբարձր դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մասնակիցների թվում է նաև վերջերս Իրանում մի շարք մրցաշարերում հաջող հանդես եկած երիտասարդ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը: Երեկ կայացած առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթանակներ են տարել։

Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր դարձավ 76 կգ քաշային կարգում:

Երկամարտում հայ մարզուհին գրանցեց 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96+129)։ Երրորդ տեղը գրավեց էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110)։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը: Ծանրորդներն ԱՄՆ են մեկնել մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ: