Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխման ՀՀ կառավարության փորձերը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել ձևաչափը: Դա անընդունելի է և բանակցություններն արգելափակելու փորձ։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս դեմ են արտահայտվել ձևաչափի փոփոխությանը»,- հայտարարել է Ալիևը Բաքվում ընթացող «Բաքվի 7-րդ գլոբալ համաժողովում»:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե հանուն բանակցությունների: Դրանք պետք է հանգեցնեն գրավյալ ադրբեջանական տարածքների ազատմանը։ Ստատուս քվոն անընդունելի է, այն պետք է փոխվի: Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,- ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Ըստ Ալիևի, «բոլոր միջազգային կազմակերպությունները սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և հանդես են գալիս այդ սկզբունքի շրջանակում հիմնախնդրի կարգավորման օգտին»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր.

«Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ»։