Օպերայի բակում «Ապերետիվո» սրճարանի մենեջեր Էդիտա Տատարենկոն ինքնակենսագրականներ է փորձել հավաքել շենքի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ մնալու վտանգի տակ հայտնված աշխատակիցներից։

Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, սակայն, ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցրել:

«Ո՞վ ես դու, որ Օպերայի կենտրոնում սեղան ես եկել-դրել, սարքած բան ա, ցիրկ ա, կապիկություն ա», - ասել են Օպերայի կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանների աշխատակիցները:

«Ապերետիվոյի» մենեջերը, մինչդեռ, հայտնել է, որ ներկա պահին սրճարանի բոլոր աշխատանքների համար ազատ հաստիք կա՝ մատուցող, մենեջեր, խոհարար, մաքրուհի և այլն:

«Բոլոր հաստիքների համար մի քանի հոգի է պետք», - ասել է մենեջերը՝ հավելելով, որ իրենք այս իրադարձություններից շատ ավելի վաղ են թափուր հաստիքների մրցույթ հայտարարել:

Մենեջերը հավելել է, որ այդ սրճարանների աշխատակիցները կարող են մոտենալ սրճարան կամ առցանց ուղարկել ինքնակենսագրականները: