«Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը Հայաստանում գործող «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ վերջերս սկսել է սփռոցների և շարֆերի արտադրությունը:

«Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն ասել է, որ մտահղացումը ծագել է 1 տարի առաջ, և, անընդհատ զարգացնելով թեման, փորձել են ստեղծել այնպիսի արտադրանք, որը շատ ավելի պրակտիկ է և կարող է մարդկանց կենցաղի մաս կազմել:

«Շարֆերը պատրաստվում են բնական մետաքսից, որի վրա պատկերված է հայկական՝ մասնավորապես հին արցախյան գորգերի՝ վիշապագորգերի, արևագորգերի, օձագորգերի նախշերը: Ստացել ենք մի արտադրանք, որը պետք է կազմի կանանց և աղջիկների ամենօրյա, ինչպես նաև տոնական հանդերձանքի անբաժանելի մասը՝ դրանով ընդգծելով հայկականությունը»,-նշել է Ս. Խաչատրյանը, փոխանցում է Արցախպրես-ը։

Նրա խոսքով, սփռոցների վրա ևս պատկերված են հայկական գորգերի զարդանախշերը:

Տնօրենի խոսքերով, այս պահի դրությամբ ընկերությունն արտադրել է շուրջ 200 նմուշ, որոնցից յուրաքանչյուրը դիզայնի առումով յուրահատուկ է: Եվ արդեն երրորդ օրն է՝ շարֆերն ու սփռոցները վաճառքում են: Շուտով արտադրանքը վաճառքի է հանվելու նաև երևանյան խանութներում, իսկ մինչև գարնան վերջ՝ արտերկրում՝ մասնավորապես ՌԴ-ում և ԱՄՆ-ում, որտեղ ընկերությունն իրականացնում է գորգերի և կարպետների վաճառք:

Խոսելով գործարանի առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Խաչատրյանն ասել է, որ գարնանն ընկերությունը սկսելու է նոր արտադրատեսակների՝ մասնավորապես անկողնային պարագաների, վարագույրների, կանացի բաճկոնների արտադրությունը: Բոլոր թեմատիկաներում ընդգրկված են լինելու հայկական գորգարվեստի զարդանախշերը: