ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դևիսը համերգով հանդես կգա Հայաստանում:

Ապրիլի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) վոկալիստը հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում ունկնդիրը կվայելի գեղեցիկ ջազային ստեղծագործություններ:

Նշենք, որ Ջեյմի Դևիսը ծնվել է 1949թ.: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Ջեյմի Դևիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծել է իր սեփական ջազ բենդը: 1975թ-ին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000թ-ին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը: Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին: Ջեյմի Դևիսի երգացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն.ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում և երկրի սահմաններից դուրս: