Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետբյուջեից 54 միլիոն դոլարին համարժեք դրամ է ծախսվել ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոն անվանված, իրականում հանգստի գերշքեղ կենտրոն վերակառուցելու համար: Վերակառուցելու, որովհետև շենքը խորհրդային շրջանում կինոմատոգրաֆիստների հանգստյան տունն էր: Միջպետական ավտոճանապարհին էլ կամուրջ և դեպի այդ օբյեկտ տանող ասֆալտապատ նոր ճանապարհ սարքեցին, դա էլ՝ պետական բյուջեից հավելյալ ծախս: 2016թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակն անցյալ դարի 80-ական թվականների զենքերով էր կռվում: Փոքրիկ, Ռուսաստանի մի շրջանի տարածք ունեցող Հայաստանում դոլարով միլիարդատերեր ունենք, սակայն Ռուսաստանից զենքը վարկով ենք վերցնում:

Զենքի փող չունենք, սակայն պետական չինովնիկներին և Երևանի քաղաքապետարանի աշխատողներին պարգևատրվելու համար միլիոնավոր դոլարներին համարժեք պարգևավճարներ են տրվում: Ադրբեջանի ռազմական բյուջեն 2 միլիարդ դոլար է, Ալիևը պարբերաբար նոր զենքեր է գնում, ինչն ստիպում է պատասխան քայլեր ձեռնարկել: Հայաստանն ու Արցախն իսկական մի դաշնակից ունեն, դա մեր բանակն է, ամեն ինչ պետք է արվի հանուն բանակի, որ բանակը կարողանա պահել երկիրը»: