Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին նշել է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:

«Ակտիվ աշխատում ենք իրավաբանների հետ: Անպայման լուծում կգտնենք հարցը կրկին օրակարգ բերելու համար: Սա միայն Հայ դատի խնդիր չէ, Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններն իրենց ջանքերն են ուղղում այս գործին»,- ասաց Հարութ Մարտիրոսյանը:

«Ընտրություններից հետո խորհրդարանի պատգամավորների զգալի մասը փոխվել է և ոչ բոլորն են բավական լավ տեղեկացված հայկական հարցերի վերաբերյալ: Հետևաբար մենք պետք է ակտիվ աշխատանք տանենք պատգամավորների հետ»,- ասաց նա:

Այս տարի նախատեսվում է կազմակերպել Ֆրանսիայի քաղաքական, հասարակական գործիչների այցը Հայաստան, Արցախ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավ առիթ է Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյա հոբելյանը:

Տարվա ընթացքում Ֆրանսիայի հասարակությանը կներկայացվեն գրքեր, ֆիլմեր` կապված Արցախի իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ հարցերի մասին: