Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը սկսել է աշխատել զենք պահելու և վաճառքի ոլորտում օրենսդրությունը խստացնելու ուղղությամբ:

«Մենք ուզում ենք այնքան արագ շարժվել, որքան հնարավոր է»,- հայտարարել է նա:

Արդերնը հայտարարել է զենքի հսկողության խստացման պլանների մասին հենց որ հայտնի է դարձել, որ երկու մզկիթներում 50 մարդ սպանած 28-ամյա Բրենտոն Տարանտը օրինական 5 միավոր զենք է ունեցել, որն էլ օգտագործել է ահաբեկչության ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ նրա փաստաբան Ռիչարդ Պետերսի, Տարանտն ազատել է նրան այդ պարտականությունից և մտադիր է ինքն իրեն պաշտպանել: Պետերսը ենթադրել է, որ Տարանտը պատրաստվում է օգտագործել դատավարությունը որպես հարթակ իր ծայրահեղական գաղափարները հնչեցնելու համար:

Նշենք, որ ահաբեկչությունից առաջ Տարանտը սոցցանցերում հրապարակել էր 74 էջանոց մանիֆեստը, որտեղ իրեն սպիտակամորթ մարդկանց գերազանցության գաղափարի կողմնակից է հռչակել և պատմել է Եվրոպայում ահաբեկչություններ գործելու մտադրության մասին: