Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը նրա վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո նոր քննչական գործողություններ և դատավարական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին:

«Առաջինը միջնորդել ենք վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ գտնում ենք, որ անհիմն է: Նման որոշում չկայացնելու դեպքում միջնորդել ենք հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Վալերիյ Օսիպյանին, որովհետև բոլոր տեսանյութերում երևում է, որ նրանք առանցքային դերերում են եղել»,- ասել է Տիգրան Սաֆարյանը, գրում է «Հետք»-ը։

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

Հիշեցնենք, որ 2018թ-ի ապրիլին Հայաստանի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր թավշյա հեղափոխություն սկսելու մասին, դրա շրջանակներում քաղաքացիներն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության անհնազանդության գործողություններ էին իրականացնում, փակում փողոցները: Ապրիլի 17-ին Ազգային ժողովում նախատեսված էր Հայաստանի վարչապետի ընտրությունը: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում՝ դեպի Ազգային ժողով տանող հատվածներում փշալարեր էին անցկացված: Այդ օրը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ, որից մեծաթիվ քաղաքացիներ վնասվածքներ ստացան:

Միջադեպի ժամանակ վնասվածք ստացավ նաև այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, այժմ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով գործով տուժողի կարգավիճակ ունի: Վնասվեց նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքը, սակայն նրա վնասվածքը պայթուցիկ նյութերի հետևանք չէր, այլ առաջացել էր փշալարին դիպչելու հետևանքով:

Ապրիլի 22-ին Արցախի փողոցում ևս բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, և այս ժամանակ ևս ձայնային նռնակներ են կիրառվել ոստիկանների կողմից: Այդ օրը, հիշեցնենք, այն ժամանակ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը բերման էին ենթարկվել։

Վերը նշված բոլոր գործողություններին ներկա է եղել այն ժամանակ Երևանի փոխոստիկանի պաշտոնը զբաղեցնող Վալերիյ Օսիպյանը:

Տիգրան Սաֆարյանն ասել է, որ թեև Փաշինյանի և Վալերիյ Օսիպյանի վերը նշված իրադարձությունների ժամանակ առանցքային դերակատարությանը՝ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է նրանց հարցաքննելու վերաբերյալ իր միջնորդությունը: Վարույթն իրականացնող մարմինը, Սաֆարյանի խոսքով, մերժել է նաև իր միջնորդությունը, որպեսզի Լևոն Երանոսյանի գործը չառանձնացվի, գնահատական տրվի նաև ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած անձանց գործողություններին ու մյուս ոստիկանների գործողություներին, որոնք նշված օրերին նույնպես կիրառել են հատուկ միջոցներ:

ՀՔԾ-ի որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն:

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Լևոն Երանոսյանի դիրքորոշմանը՝ Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ հատուկ միջոց կիրառելու հրաման իրավունք ունեն տալու ոստիկանապետը, ոստիկանության զորքերի հրամանատարը և նրա տեղակալը:

«Լևոն Երանոսյանն ասում է, որ իրավիճակը Բաղրամյանում այնպիսին էր, որ առկա էին հատուկ միջոց կիրառելու հիմքերը և պայմանները: Դա ես չեմ ասում, Երանոսյանը չի ասում: Ցույց, ընդհանուր առմամբ, այո, եղել է խաղաղ, բայց տեսանյութեր կան, որոնցում ակնհայտ երևում է, թե ինչպես են բազմաթիվ անձինք բռնություն գործադրում ոստիկանների նկատմամբ: Անգամ տեսանյութ կա, որում երևում է, թե ինչպես են ձեռքերով խեղդում ոստիկանին»,- ասել է Տիգրան Սաֆարյանը:

Փաստաբանի խոսքով՝ Արցախի պողոտայում ևս հատուկ միջոցները կիրառվել են իրավաչափ:

«Այդ միջոցերը կոչվում են հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ, և միայն այդ գործողությունների իրականացման արդյունքում է հնարավոր եղել Նիկոլ Փաշինյանին ձերբակալել: Եթե ձերբակալումն օրինական է եղել, ապա այդ գործողություններն անելու համար չեն դատվում»,- նշել է Տիգրան Սաֆարյանը: