Ղազախստանում բնական գազից թունավորվել է 45 մարդ, որից 41-ը երեխա: Այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության հանրային առողջության հարցերով կոմիտեի ղեկավար Ժանդարբեկ Բեկշինը։

Հիվանդանոցներից մեկից տեղեկատվություն է ստացվել, որ գազից թունավորման նախանշաններով՝ սրտխառնոց, գլխապտույտ, գիտակցության կորուստ, երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց: Երեխաներին բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ դպրոցականների ծնողներին՝ հոգեբանական օգնություն: Բեկշինը հայտնել է, որ երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:

Նշվել է, որ խնդիրն առաջացել է բաշխիչ ենթակայանից, որը գտնվում է դպրոցից մոտ 600 մ հեռավորության վրա: Ըստ Բեկշինի՝ գազի արտահոսքը վերացվել է, իսկ ուսումնասիրությունների ժամանակ ենթակայանի և դպրոցի տարածքում վնասակար նյութեր չեն հայտնաբերվել: