Բարենպաստ եղանակով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կգործարկվի մարտի 21-ին: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգման ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգի է բերվում նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով:

Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս կառույցը առավոտյան 08:30-20:00 կգործի որպես սովորական շատրվան, ժամը 20։00-ից՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայանա նաև լուսաձայնային ու երաժշտական ողջ հմայքով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Բարեկարգվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև երևանյան մյուս՝ ավելի քան 30 ջրային կառույցները, որոնց հերթական տարեշրջանի մեկնարկը կտրվի Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին: