Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղում բացվել է մի գողտրիկ գրադարան ու ինտելեկտուալ անկյուն՝ աշակերտ Միլենա Ասրյանի ու նրա ուսուցիչ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ և Օսմ Արցախ հիմնադրամի ֆինանսավորմամբ:

«Awesome» միջազգային հիմնադրամի արցախյան մասնաճյուղից հայտնում են, որ մրցելով մի շարք այլ հայտերի հետ՝ նախագիծը հաղթող էր ճանաչվել Օսմ Արցախ հիմնադրամի կողմից 2018թ. նոյեմբերին հայտարարված դրամաշնորհի հերթական մրցույթում: Հետագա ամիսներին աշակերտների և գյուղի այլ բնակիչների կամավոր աշխատանքի շնորհիվ նախագիծն իրականություն դարձավ՝ ապահովելով տրամադրող միջավայր երեխաների ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար: Մասնավորապես, սրահում պայմաններ են ստեղծվել ընթերցանության, քննարկումների, նկարչության և ինտելեկտուալ խաղերի համար:

Նախագծի հեղինակ Միլենա Ասրյանը նշել է, որ նախկինում իրենք չունեին համապատասխան վայր դասերից հետո ինտելեկտուալ ժամանց կազմակերպելու համար: Նա ուրախությամբ արձանագրել է, որ գրականության ժամանակակից նմուշներով հագեցած նոր գրադարանը կարևոր խթան կհանդիսանա իրենց կրթության զարգացման և աշխարհայացքի ընդլայնման համար:

Դպրոցի ուսուցիչ Արա Հարությունյանը կարևորել է հատկապես գյուղերում երեխաների ինտելեկտուալ ժամանցի համար պատշաճ պայմանների ապահովումը՝ այն համարելով աշակերտների որակյալ կրթության անբաժանելի մասը: Դասավանդման շուրջ երկու տարվա ընթացքում նա աչքի է ընկել բազմաթիվ նորարարական և ուսուցանող նախաձեռնություններով՝ երեխաներին փոխանցելով գործնական գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նրանց մեջ սերմանելով հասարակական նախաձեռնողականություն:

Օսմ Արցախ հիմնադրամի հոգաբարձու Արմինե Գրիգորյանը ողջունելի է համարել Արցախում կրթության ոլորտում նոր մոտեցումների մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նա նշել է, որ Նորշենի այլընտրանքային կրթության և զարգացման այս փոքրիկ միջավայրը, ի դեմս երեխաների սեփական ջանքերով ստացված գրադարանի, հանրային մեծ նշանակություն ունի և լրացուցիչ խթան կհանդիսանա երեխաների մոտ գրքի նկատմամբ սեր առաջացնելու, ընթերցողի կերպարը հանրայնացնելու գործում: Նա նաև կարևոր է համարել այն, որ աշակերտներն անտարբեր չեն ու իրենց կյանքը փոխելու, իրենց համար համապատասխան միջավայր ստեղծելու մոտիվացիա ունեն:

Հիմնադրամի հիմնադիր հոգաբարձու Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ իրենք նպատակ ունեն Արցախում տարբեր խենթ ու ստեղծագործական նախագծերի աջակցելու միջոցով խթանել նախաձեռնողականությունը, նորարարականությունը, կամավորությունն ու համայնքային կյանքը: Նա գոհունակություն է հայտնել Նորշենի գրադարանի նախագծի կյանքի կոչման առթիվ՝ տեղեկացնելով, որ այն հիմնադրամի առաջին ավարտուն նախագիծն է, իսկ ևս երեքն առաջիկայում կիրագործվեն: Արտակ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ հիմնադրամի ծրագրերի շնորհիվ Արցախում աստիճանաբար կզարգանա նախաձեռնողականության ու կամավորության մի մշակույթ՝ զուգահեռաբար խթանելով ավելի համընդգրկուն միջավայրի ձևավորումը:

Տեղեկացնենք, որ Օսմ Արցախ հիմնադրամը հիմնվել է 2018թ. հունիսին՝ որպես Օսմ միջազգային հիմնադրամի («Awesome Foundation») անկախ մասնաճյուղ: Այն անկախ մարդկանց մի խումբ է (այս պահին շուրջ 40 հոգաբարձու Արցախից, Հայաստանից և Սփյուռքից), որը նպատակ ունի մեր իրականությունը փոքր-ինչ ավելի հիանալի («օսմ») դարձնել իր նախաձեռնություններով: Առանց ավելորդ գլխացավանքի և թղթաբանության՝ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հիմնադրամը $1000-ին համարժեք դրամաշնորհ է տրամադրում տվյալ երկամսյակի հաղթող նախագծին, իսկ դրամաշնորհի գումարը հավաքագրվում է հոգաբարձուների պարբերական նվիրատվություններից: