ՀՀ կառավարությունը սկսել է «Ամուլսար Գոլդ» նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը («երրորդ աուդիտ»): Այդ մասին հայտնել է Lydian International Limited ընկերությունը:

2018թ-ի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր գնահատել «Ամուլսար Գոլդ» նախագծի հնարավոր հետևանքները ջրային ռեսուրսների վրա: Այժմ այդ աշխատանքներին կավելանան նաև «Շրջակա միջավայրի և սոցիալական ոլորտի վրա ընկերության ազդեցության գնահատումը» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» («ՇՄԱԳ») վերլուծությունները:

Գնահատումը կանցկացնի Earth Link Advanced Resources Development ընկերությունը: Ակնկալվում է, որ այն կտևի 12-16 շաբաթ:

«Մենք գործակցել ենք պետական աուդիտի երկու նախկին ներկայացուցիչների հետ և կգործակցենք նաև ELARD-ի հետ: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք գործակցությունը Հայաստանի կառավարության հետ օրենքի գերակայության ապահովման համար, որպեսզի «Լիդիանին» թույլատրվի շարունակել Ամուլսարում շինարարությունը և բնապահպանական միջոցառումները «երրորդ աուդիտի» հետ միաժամանակ: Չնայած մեր բոլոր ջանքերին՝ «Լիդիանին» թույլ չեն տալիս վերականգնել շինարարական աշխատանքները»,- հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Քարելոն: